Ոչ մի դար ի վիճակի չէ գրել սեփական պատմությունը: Հավերժությունը այն ժամանակն է, երբ կան իդեալներ: Եթե հնարավոր է ապացուցել գործով, անիմաստ է բառեր շռայլել: Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանն արեց քայլ, որ պատմության մեջ կգնահատվի արդյունքների ու հետևանքների տեսակետից: Սովորաբար ասում են` երկրորդ անգամ նույն գետը չես մտնի: Մենք մտանք երկրորդ անգամից, գետն էլ էր փոխվել, մենք էլ, բայց մտանք: Մնում է լողալը:
Այս օրերին հաճախ են համեմատում 2017-ին ստորագրված համաձայնագիրը 2013-ի չստորագրվածի հետ, շատերն են արձանագրում, որ քաղաքական մասն անփոփոխ է, փոխվել է տնտեսականը` ԵԱՏՄ-ին համապատասխանեցումով: Եթե այդպես է, գործնականում մեծ կորուստ չունենք, եթե հիշենք` ինչպես էին 2013-ին հիմնավորում Մաքսային միությանը միանալը` հայկական ապրանքները եվրոպական շուկայում մրցունակ չեն, մենք ձգում ենք միայն եվրասիական շուկային: Դա, իհարկե, խախուտ հիմնավորում էր` մրցունակ արտադրանքի համար ոչ թե թույլ շուկա են ընտրում, այլ ապրանքի որակն են բարձրացնում: Իսկ դա քաղաքական խնդիր է` նոր տեխնոլոգիաներ ու ներդրումներ պահանջող:
Չորս օր անց` հայկական կողմի մեկնաբանություններն ամփոփելով` առաջին հարցը դառնում է` ինչու՞ նախկին ռուսամետների մեծ մասը մեկ օրում դարձավ եվրոպամետ, երկրորդ հարցը` ինչու՞ են հաստատուն ռուսամետները շարունակում վախեցնել վտանգներով ու սպառնալիքներով` ինչի՞ց են վախեցած, և երրորդ` ե՞րբ է հարցը քաղաքական ու մեդիա շրջանակներից հասնելու հասարակությանը:
Հայկական հարթությունը Բրյուսելում միակը չէր: Նախքան վեհաժողովն արդեն արձանագրվել էր, որ Արևելյան գործընկերության ¥ԱլԳ¤ 6 երկրները գործում են տարբեր արագություններով: 1. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած Մոլդովան, ՈՒկրաինան ու Վրաստանը կարող են անցնել նոր մակարդակի` ստանալով նոր ֆինանսական աջակցություն բարեփոխումների համար: 2. Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանը միակ երկիրն է, որ ԵԱՏՄ անդամ լինելով` համապարփակ համագործակցության համաձայնագիր է ստորագրում ԵՄ-ի հետ: 3. Երրորդ խմբում են Բելառուսն ու Ադրբեջանը, որ նախապատրաստվում են համագործակցության համաձայնագրին: ԱլԳ վեհաժողովներին մասնակցության առաջին հրավերը ստացած Ալեքսանդր Լուկաշենկոն Բրյուսել չգնաց: Թվում էր` նա չպետք է բաց թողնի Արևմուտքի հետ անձնական մերձեցման հնարավորությունը: Լուկաշենկոն ուզում էր, որ այցը Բրյուսել դառնա Բելառուսի տոն` կարևորվի իր երկրի տեղն ու դերը եվրոպական քաղաքակրթական, անվտանգային ու տնտեսական համակարգերում, իր հետ առանձնազրույցներ ունենան Դոնալդ Տուսկը, Ֆեդերիկա Մոգերինին, Անտոնիո Տայանին, ԵՄ-ն գլխավորող երկրների ղեկավարները` Մերկելից, Մակրոնից, Մեյից ոչ պակաս մակարդակներում: Միայն այդ հարթության մեջ նա կարող էր ինքնավստահ զգալ Պուտինի հետ հարաբերություններում` ցույց տալով, որ Բելառուսը պահանջարկված է ոչ միայն ՌԴ-Բելառուս դաշինքում, այլև Արևմուտքում: Չստացվեց, ու նա Գոմելում հայտարարեց` «Ռուսաստանը սրբազան է»: Բելառուսից պատժամիջոցները հանած Բրյուսելը շարունակում է Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել «Եվրոպայի վերջին բռնապետը»` ԵՄ-ին պետք են ոչ թե նրա հետ շփումներ, այլ բարեփոխումներ Բելառուսում` մարդու իրավունքների ու տնտեսության ազատականացման տեսակետից: Ստացվում է` ոչ միմյանց մոտ են գալիս, ոչ հեռանում են:
Բրյուսելում Բելառուսը ներկայացնող ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարեց, որ իր երկրի նպատակը ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելն է: Համենայն դեպս: Բոլորովին այլ իմիջով էր ուզում ներկայանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա համառորեն անտեսում է Եվրախորհրդարանի ու Եվրախորհրդի բանաձևերն ու վերաբերմունքը, ջանում է Եվրոպայի հետ հարաբերվել իբրև մեծ բարերար: Նոյեմբերի 25-ին Day.Az-ին հարցազրույց է տվել Միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն և հայրենակիցներին բացատրել է «նշանակալից դերը, որ ԵՄ-ն տալիս է Ադրբեջանի հետ մերձեցմանը, քանի որ հենց Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում գտնվող մեր երկիրն է դիտարկվում կապող օղակ երկու կարևոր աշխարհամասերի միջև: Որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ, բազմիցս հայտարարել են Եվրոպայի պաշտոնական ներկայացուցիչները, առաջատար միջազգային կառույցները»: Եվ միայն դրանից հետո Միրզազադեն ասում է, որ «ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում էական գործոն են նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունները, որը կփոխարինի Գործընկերության ու համագործակցության 1996-ի համաձայնագրին»:
Նոյեմբերի 24-ին Day.Az-ը հաղորդել է, որ ԵՄ-ն վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը` Բրյուսելի վեհաժողովի համատեղ հռչակագրում. «Չնայած հայկական պատվիրակության բազմաթիվ փորձերին` Համատեղ հռչակագրում նորից միանշանակ աջակցություն հայտնվեց Արևելյան գործընկերության բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Համատեղ հռչակագրում հղում է արվում ԵՄ գլոբալ մարտավարությանը արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության մեջ: Այդ գլոբալ մարտավարության մեջ ԵՄ պետությունների և ԵՄ հարևան պետությունների տարածքային ամբողջականությունը նշված է միջազգային մակարդակում ճանաչված սահմանների շրջանակում: Համատեղ հռչակագրի մեկ այլ կետում ընդգծված է Արևելյան գործընկերության բոլոր երկրների տարածքներում կոնֆլիկտների կարգավորումը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Հայկական կողմի փորձերը` այդ կետում ավելացնել իր օկուպացիոն շահերին համապատասխանող դրույթներ, ձախողվեցին: Համատեղ հռչակագրում հատուկ աջակցություն է հայտնվում տրանսպորտային ու էներգետիկ նախագծերին, որ իրականացվում է Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ, ընդգծված է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որի նախաձեռնողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի համար: Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացված երկկողմ ու բազմակողմ նախագծերին, որ Արևելյան գործընկերության երկրներն իրականացնում են Ադրբեջանի մասնակցությամբ: Փաստաթղթում նշված են նաև Ադրբեջանի մասնակցությամբ միջազգային համագործակցության այլ ոլորտներ: Մասնագետների կարծիքով` Բրյուսելի վեհաժողովում ընդունված համատեղ հռչակագիրը պետք է գնահատվի իբրև փաստաթուղթ` հիմնված միջազգային իրավունքի վրա և ռազմավարական նշանակություն ունեցող»: Trend-ը փոխանցում է Իլհամ Ալիևի հայտարարությունը վեհաժողովում ունեցած ելույթից. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավասար արժեք ունի, ինչպես ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականությունը, և պետք է վերականգնվի»:
Այսպես է Ադրբեջանն ընկալել Բրյուսելում ընդունված հռչակագիրը: Գագաթնաժողովում իր ելույթում ՀՀ նախագահը պատասխանեց Իլհամ Ալիևին. «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Որքան էլ Ադրբեջանը պատեհ կամ անպատեհ փորձում է խեղաթյուրել ԼՂ հակամարտության և դրա խաղաղ կարգավորման էությունը, միևնույն է, հակամարտության կարգավորումը հիմնված է միջազգային իրավունքի 3 սկզբունքների վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա, որոնք առաջարկվել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից: Միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի առնչությամբ արտահայտված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում: Այս համատեքստում հակամարտության լուծումն առանց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է: Ցանկանում եմ նաև ընդգծել, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է իր բնույթով, էությամբ ու կարգավորման հիմքերով, և սխալ են հակամարտությունները մեկ ընդհանրության մեջ դիտարկելու փորձերը»:
ՀՀ նախագահը պատասխանել է նաև Ալիևի մշտական փաստարկին` ՄԱԿ-ի բանաձևերին. «ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասով: 1993-ին ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձևերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչից Ադրբեջանը հրաժարվել է: 25 տարի հետո, խոսել, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կարծում եմ՝ այժմեական չէ: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա հիմնահարցերի կարգավորումը թույլ կտա ունենալ ավելի խաղաղ և բարեկեցիկ Եվրոպա: Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման իր տեսլականին»: Փաստը, որ ԵՄ 28 երկրներ վավերացնելու են ՀՀ-ի հետ ԵՄ համաձայնագիրը, նշանակելու է, որ նրանք ընդունում են ԼՂ հարցի լուծումը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, և ապարդյուն է Ալիևը նետվում մեկ ՌԴ-ի, մեկ ՄԱԿ-ի, մեկ ՆԱՏՕ-ի գիրկը: Ռուսաստանը հերքում է թե Լավրովի, թե Պուտինի «պլանների» գոյությունը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպումից հետո:
Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների համապատկերում հավատարմությունը «մեծ եղբորը», «մեկ ազգ, երկու պետություն» պնդումը պարտադրում էր, որ Իլհամ Ալիևը պաշտպանի Թուրքիայի շահերը, բայց նա դժգոհ է Էրդողանից, որ միայն հայտարարություններ է անում ու ոչնչի չի հասնում` ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության, ոչ Պուտինին համոզելու գործում: Բրյուսելում Ալիևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգից էր ուզում ստանալ պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի կատարման համար: Ենս Ստոլտենբերգը նրան «չհասկացավ» և ասաց, որ Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում ու պետք է ձեռնպահ մնալ սրումից: Փաստացի` Ալիևը ձեռնունայն վերադարձավ Բրյուսելից` չհաշված տեղեկատվական ծածկոցը, որով Բրյուսելը ներկայացավ Բաքվի հերթական «հաղթանակ» միջազգային ասպարեզում: Հավելեք ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը ԵԱՏՄ-ին Բաքվի անդամակցության հարցով. «Ադրբեջանի` ԵԱՏՄ կազմում լինելը նշանակում է պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլ ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի»: Իհարկե, եթե նրան 100 տոկոսով հավատանք` ԵԱՏՄ անդամ չպետք է լինեին ոչ Հայաստանի նկատմամբ «քայլեր ձեռնարկող» Բելառուսն ու Ղազախստանը, ոչ էլ միմյանց նկատմամբ «քայլեր ձեռնարկող» Ղազախստանն ու Ղրղզստանը: Բայց դա այլ պատմություն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Բրյուսելում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասաց, որ ԵՄ-ի համար ակնհայտ է` Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերություններում: Կանցլերն առանձնացրեց ԱլԳ-ի կարևոր 2 կետերը` «Մի կողմից՝ խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, ժողովրդավարության զարգացման մասին է։ Մյուս կողմից՝ մեր անվտանգությանն է վերաբերում։ Հիմա Հայաստանի հետ նույնպես գործընկերության համաձայնագիր կկնքենք` ոչ այնքան ինտենսիվ, ինչպիսին Ասոցացման համաձայնագիրն է: Սակայն կտրուկ փոփոխություններ չեն լինի»: Պրագմատիկ կանցլերը չի սխալվում` կտրուկ փոփոխություններ չեն լինի, փոփոխություններ կլինեն, եթե համաձայնագիրը չմնա հռչակագիր ու կատարվի: Հայաստանում համաձայնագիրը ԵՄ-ի հետ անվանեցին «պատմական»: Գերադասելի էր արդիական անվանելը և ընկալումը, որ Եվրոպա ու դրախտ նույն դռնով չեն մտնում: Մեզ տրված է անվտանգությունը, տնտեսության դիվերսիֆիկացիան, քաղաքական զարգացումը ապահովելու շանս: Գետը մտնելը ինքնանպատակ է, եթե չես լողում: